ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՀԱԳՈՒՍՏԸ ՆԵՐՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆ Է»

«ՀԱԳՈՒՍՏԸ ՆԵՐՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆ Է»
02.03.2012 | 00:00

2012-ին տիրելու է ռոմանտիզմը, տեղեկացնում են դիզայներները: Աշուն-ձմեռ հավաքածուներում նորաձև են համարվելու 70-ականների, իսկ գարուն-ամառ հավաքածուներում` 20-ականների միտումները:
Դասական ոճի պայուսակներ, կոպիտ կրունկներով կոշիկներ, փոքր-ինչ անփույթ սանրվածք, բաց ճակատ. սա` կանանց համար: Տղամարդկանց խորհուրդ է տրվում ընտրել դասական գույնի հագուստներ և հատկապես կոստյումներ:
Տարվա գույներն են կարմիրը, կանաչը, փիրուզագույնը, ինչպես նաև կիտրոնի երանգները, նորաձև են նաև նախշերով և ծաղկազարդ կտորները, շիֆոնը, ատլասը, մետաքսը:
Որոշ դիզայներների կարծիքով` չկա գույն, որ ակտուալ չլինի: Լինում է ուղղակի բրենդային գույն, որը տարվա ընթացքում առաջադրված թեմաներում գունային տարբեր տոներով կրկնվում է, իսկ ակտուալ է համարվում այն թեման, որը տվյալ սեզոնում ավելի շատ մոդելավորողների է ոգեշնչել: Հետաքրքիր է` ի՞նչ դեր ունի այս ամենում տարվա խորհրդանիշ «վիշապը»:
Դիզայներ ՏԱԹԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ խոսքով` տարվա կարևորագույն միտումներից է նարնջագույնը, որն արդեն երկրորդ սեզոնն է, ինչ իշխում է բոլոր գույների մեջ: «Հաջորդը բաց գոտկատեղն է` ռետրո լողազգեստների ոճով. այս թեմային անդրադարձել են գրեթե բոլոր դիզայներները,- ասում է նա:- Չեմ կարծում, որ «վիշապի» թեման ակնհայտորեն նկատելի կլինի հագուստի մեջ, ամեն դեպքում, արդեն իսկ կայացած «Գարուն-ամառ-2012» նորաձևության շաբաթներում նման միտում չի նկատվել»:
Նորաձևությունը թելադրում է իրենը, մյուս կողմից, յուրաքանչյուրն ունի իր ոճը: Ինչպե՞ս հետևել նորաձևությանը` չկորցնելով անհատականությունը:
«Հաճախակի թերթելով նորաձևության ամսագրերը` կարելի է զարգացնել ճաշակը: Բայց ոճային լինելու համար պետք է ներքին հոտառություն ունենալ: Ավելի շատ ընդօրինակում են, հագնում այն, ինչ մոդայիկ է համարվում. մեկին սազում է, մյուսին` ոչ»,- ասում է դիզայներ ԷՎԵԼԻՆԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, նաև նշում, որ հագուստի ընտրության մեջ մեծ դեր ունի մարդու ապրելաձևը, այսինքն, հաճախակի՞ ես լինում ռեստորաններում, հասարակական այլ վայրերում, աշխատո՞ւմ ես, թե՞ տնային տնտեսուհի ես: Դիզայները նկատում է, որ մեզ մոտ` Հայաստանում, գուցե շատ կանայք ուզում են շքեղ, ինքնատիպ երևալ, բայց համապատասխան վայրեր չկան: «Իմ հագուստներով հիանում են, բայց մտածում են, որ եթե նույնիսկ գնեն (ես չեմ վաճառում), որտե՞ղ պետք է հագնեն,- ասում է նա:- Մեր առօրյան շատ է գորշ ու անհետաքրքիր, չգիտեմ` գուցե երիտասարդները գնում են ակումբներ, կարողանում են վառ, ցայտուն հագնվել, բայց հիմնականում գերիշխում են գորշ, պասիվ գույները»:
Տաթևիկ Հարությունյանի համոզմամբ` նորաձևության գաղտնիքը հենց այն է, որ պետք է ժամանակակից միտումների շրջանակներում ընտրես այն, ինչը մոտ է քեզ: Եթե հնարավոր չէ դա անել ինքնուրույն, դիզայները խորհուրդ է տալիս դիմել ոճաբանի օգնությանը:
Նորաձևությունն ավելի շատ փոփոխվո՞ւմ է, թե՞ կրկնվում: Էվելինա Եղիզարյանը հիշեցնում է` ամեն նոր բան լավ մոռացված հինն է: «Նորաձևության աշխարհում ամեն բան արդեն հորինված է,- ասում է նա:- Բայց եթե նախկինում հորինվածքների համար օգտագործում էին մաքուր բամբակ, մետաքս, մաքուր բուրդ, հիմա տեխնոլոգիան զարգացել է, արհեստական գործվածքները շատ են, ինչը թույլ է տալիս այդ ամենը ներկայացնել նորովի: Հետաքրքիր է անհամատեղելի նյութերի համադրումը` էկլեկտիկան: 2000-ին առաջին կուրսի ուսանող էի, «պլյոնկան» համատեղում էի «պանբարխատի» հետ, ջինսը` շիֆոնի: Այդպես էի զգում։ Մոտ 5 տարի առաջ տարածում գտան ջինսե հագուստները` շիֆոնի դարսերով»:
Ի դեպ, Էվելինա Եղիազարյանը չի հետևում նորաձևության հպանցիկ միտումներին: Ըստ նրա` հագուստը ներքին աշխարհի արտացոլումն է. օրինակ, վառ, ճչացող հագուստն ըմբոստության տարր ունի. մարդը գուցե նվաստացած է զգացել իրեն, կամ սխալ են հասկացել նրան: Լինում է նաև, որ ներքուստ համեստ անձնավորությունը սիրում է վառ հագնվել, աչքի ընկնել. այդպես նա ենթագիտակցաբար փոխլրացնում է մեկը մյուսով:
«Ինֆորմացիան այնքան շատ է, կարող ես թեկուզ դուրս գալ փողոց և կես ժամում տեսնել, թե որ գույներն են ավելի հաճախ հանդիպում, որ երկարությունն է ընդունված,- հստակեցնում է Էվելինա Եղիազարյանը:- Բայց կարևոր է, որ քո սրտով էլ լինի, քեզ լավ զգաս, հանգիստ շարժվես, ինքնավստահ կրես հագուստը` չմտածելով` ով ինչ կասի: Դա գալիս է նաև տարիների հետ` ինքնաճանաչմանն ու ինքնահաստատմանը զուգահեռ»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2093

Մեկնաբանություններ